Ահագին դիրքեր հետ ենք վերցրել. Սասուն Միքայելյան

Ահագին դիրքեր հետ ենք վերցրել. Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագահ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, իշխող «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի համոզմամբ՝ նման լայնածավալ հարձակում ադրբեջանցիները վերջին անգամ նախաձեռնել էին 1993 թվականի դեկտեմբերի 17-ին։

Ադրբեջանի երեկվանից սկսած ռազմական գործողությունները, ըստ Միքայելյանի, ունեն հարձակման նույն ուղղությունները, ինչ 27 տարի առաջ։ Ինչպես այն ժամանակ, հիմա էլ ռմբակոծվում են խաղաղ բնակավայրերը, կրակում են ժողովրդի վրա։ ԵԿՄ նախագահի համոզմամբ՝ Ադրբեջանի նպատակն է եղել կտրել Ղարաբաղը Հայաստանից, նրանք ակնկալիքներ են ունեցել մեկ օրում զգալի տարածքներ գրավել, ինչը, սակայն, չի հաջողվել։

«Նույն ձեռագրին է, ուղղությունները նույնն են, ուզում են կտրեն Ղարաբաղը, Քելբաջարի ուղղությամբ, Լաչինի կողմը, Ջաբրայիլով, Հադրութով: Դե իրենք հիմնականում երեք ուղղությամբ են հարձակվել», — ասաց Սասուն Միքայելյանը:

«Ազատության» հարցին՝ այն դիրքերը, որոնք հետ է վերցրել հայկական կողմը, ռազմավարական նշանակության դիրքե՞ր են, ԵԿՄ նախագահը պատասխանեց. «Բոլոր դիրքերն էլ, եթե դիրք են, ռազմավարական նշանակություն ունեն: Չկա այդպիսի դիրք, որ ռազմավարական նշանակություն չունենա, ահագին մեծ դիրքեր հետ են վերցվել և նորմալ եմ գնահատում այսօրվա իրավիճակով, այս պահով, իրենք բնական է՝ ավելի շատ էին սպասում, որ շատ առաջ կգան, իրանք էսօր զինված են ժամանակակից զինտեխնիկայով, զենքով, ամեն ինչով, իրանք գիտեին հեսա մտնելու են, բայց փառք ու պատիվ մեր տղերքին, փառք ու պատիվ մեր Պաշտպանության նախարարությանը, որ ամեն ինչ ռազմավարական կարգ ու կանոնով արվում է: Ուզում եմ ցավակցել մեր զոհվածների հարազատներին, մայրերին հատկապես, պատերազմ է»:

Հարցին, թե արդյոք հայկական կողմի համար սպասելի՞ էր, որ Ադրբեջանը այսօրինակ լայնածավալ պատերազմ կսկսի, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ ինքը մշտապես նշել է՝ պատերազմը սկսվել է դեռևս 90-ականներից և մինչև օրս չի ավարտվել, հետևաբար պետք չէ տարբերակել քառօրյա պատերազմ, տավուշյան դեպքեր և այլն։ Այժմ հայկական կողմի գերխնդիրը պետք է լինի Ադրբեջանի նախաձեռնած պատերազմը վերածել հայկական կողմի վերջնական հաղթանակի։

«Պատերազմը դեռ չի ավարտվել, և մենք պետք է խելոք լինենք, իրենց սկսած հաղթանակով մենք վերջնական հաղթանակ պետք է տանենք», — հայտարարեց Միքայելյանը:

Իսկ թե ո՞րն է այդ վերջնական հաղթանակը, նա պատասխանեց. «Կապիտուլացիայն»:

ԵԿՄ նախագահը կարծում է, որ երեկվանից մեկնարկած լայնածավալ ռազմական գործողությունները կարճ չեն տևի, և հետևաբար հայկական կողմը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի։ Սասուն Միքայելյանի փոխանցմամբ՝ իր գլխավորած կառույցը՝ Երկրապահ կամավորականների միությունը, այս պահին կազմ ու պատրաստ սպասում է Պաշտպանության նախարարության հրամանին: Բոլորը, այդ թվում՝ ինքը, անհամբեր սպասում են, թե երբ են մեկնելու Արցախ։ Առայժմ ԵԿՄ-ից Ղարաբաղ են մեկնել սպաներ և հատուկ մասնագետներ։

«Երեկվանից բոլորը զանգում են՝ դուրս գանք, ինչ անենք, սպասում են», — ասաց Միքայելյանը:

Թե անցած մեկ օրում քանի կամավորական է մեկնել Արցախ՝ գաղտնի տեղեկատվություն է և հրապարակման ենթակա չէ։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հրավիրած ճեպազրույցում ընդամենը նշեց, որ իրենք բազմաթիվ դիմումներ են ստանում՝ Արցախ մեկնելու համար։ Սակայն նախարարությունը կամավորներին հորդորում է դիմել իրենց տարածքային զինկոմիսարիատներ և այնտեղ ցուցակագրվել։

Ի դեպ, Հայ հեղափոխական դաշնակացությունը նույնպես, Պաշտպանության նախարարության հետ համագործակցելով, կամավորներ է ուղարկում Ղարաբաղ։ Ինչպես «Ազատությանը» փոխանցեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Դաշնակցությունն արդեն իսկ մեկ վաշտ է ուղարկել Արցախ, ևս մեկ վաշտ պատրաստվում է մեկնել։

https://www.azatutyun.am/a/30862213.html

Facebook Comments

admin

Похожие записи

Реклама для вас

Read also x